«Տաշիր» բարեգործական հիմնադրամի 2018թ. իրականացված աշխատանքների արդյունքներ

27.12.2018
«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՀՈԳԵՎՈՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԳԾԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ: ԲՈԼՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎԱԾ Է ԵՐԿՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ:
Սոցիալական ծրագրեր Արդեն երկու տարի անընդմեջ Հիմնադրամը և անձամբ Սամվել Կարապետյանն աջակցում են Արցախի Հանրապետությունում ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրին՝ տրամադրելով չորս հազար ԱՄՆ դոլարի նպաստ հանրապետության այն ընտանիքներին, որտեղ ծնվում է չորրորդ երեխան: Նաև՝ Հայաստանի բնակչության սոցիալապես անապահով խավի օգնության ծրագրի շրջանակում ընդունվել է որոշում տրամադրել մասնակի փոխհատուցում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց (10 դրամ 1կՎտ/ժ դիմաց): Փոխհատուցման ծախսերը կկազմեն հանրապետությունում սպառված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի 25-30%-ը և կհատկացվեն «Տաշիր» ընկերությունների խմբի շրջանառու միջոցներից: Այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, բացառություն չէր Սամվել Կարապետյանի մասնակցությունը «Հայաստան» համահայկական բարեգործական հիմնադրամում: Հիմնադրամը կոչված է միավորելու երկրի սահմաններում և նրա սահմաններից դուրս բնակվող հայերին ու այն համախոհներին, ովքեր պատրաստ են ներդնել իրենց ջանքերը Հայաստանի ու Արցախի կայուն զարգացմանն աջակցելու համար: Համանուն հեռուստամարաթոնի ընթացքում «Տաշիր»-ն այս տարի հիմնադրամին փոխանցեց 2.8 մլն ԱՄՆ դոլար: Փոխանցված միջոցներն ուղղվելու են Արցախի բազմազավակ ընտանիքներին և հանրապետության մայրաքաղաքում ժամանակակից երիտասարդական կենտրոնի կառուցման աշխատանքներին: Այս տարի «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը, շարունակելով ավանդույթը, կրկին աջակցեց Գյումրի քաղաքի ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին լիարժեք բնակարաններով ապահովելու նախաձեռնությանը: Այս տարի տասը ընտանիք, ովքեր 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով մնացել էին անտուն, ապահովվեցին բնակարաններով: 2017թ. 28 տարի կոնտեյներներում բնակվելուց հետո արժանավայել բնակարաններ էին ստացել ութը ընտանիք: Ավանդույթ են դարձել նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող հատուկ ամանորյա շնորհավորանքները: Տարեվերջին Հիմնադրամն անակնկալ մատուցեց Լոռու մարզի փոքրիկ բնակիչերին՝ կազմակերպելով տոնական հանդես բոլոր մանկապարտեզների ու տարրական դասարանների սաների համար:
Առողջապահություն Հոկտեմբերին «Տաշիր» բարեգործական հիմնադրամն ավարտեց Վանաձոր քաղաքում Մոր և մանկան առողջության խոշորագույն կենտրոնի կառուցումը և հանդիսավոր արարողությամբ հանձնեց այն Լոռու մարզպետարանին: Առողջապահության ոլորտի որակի միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված և համալրված պերինատալ կենտրոնը կապահովի բուժսպասարկման նոր մակարդակ ողջ հանրապետության մասշտաբով: Բարեգործական հիմնադրամն իրականացրել է համալիր աշխատանքներ՝ ներառյալ շինարարությունը և բուժհաստատության համալրումը առաջատար բժշկական սարքավորումներով: Բացման օրվանից ծննդատան պատերի ներսում լույս աշխարհ է եկել շուրջ հարյուր նորածին:
Կրթություն Հիմնադրամը շարունակել է իրականացնել իր ծրագիրը կրթության ոլորտում և այս տարի բացել է մանկապարտեզ Ալավերդի քաղաքում: Ժամանակակից մանկական կրթական հաստատությունը, որը նախատեսված է երկու հարյուր երեխայի համար, ներդրել է որակյալ կրթական ծրագիր: Այժմ երեխաները շատ վաղ հասակից կարող են սովորել օտար լեզուներ և ձեռք բերել նոր լրացուցիչ գիտելիքներ: Հայաստանում նոր նախադպրոցական հաստատությունների կառուցման իր ծրագրի շրջանակում Հիմնադրամը նախատեսում է կառուցել հինգ նմանատիպ հաստատություն, որոնցից երեքն արդեն բացվել են Տաշիր, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում: Եվս երկու մանկապարտեզ կկառուցվեն հաջորդ տարի Իջևան և Սպիտակ քաղաքներում: 2018թ. սեպտեմբերի 1-ի կապակցությամբ Լոռու մարզի հազարավոր ընտանիքներ ստացան օգնություն դպրոցականների համար սննդի և գրենական պիտույքների տեսքով: Արդեն առաջին տարին չէ, որ բարեգործական հիմնադրամը հատկացնում է միջոցներ մարզի մանկապարտեզներին ու դպրոցներին սննդով ապահովելու համար:
Պատմական ժառանգության պահպանում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը շարունակում է աջակցել Հայաստանի տարածքում գտնվող հոգևոր ժառանգության օբյեկտների վերականգնմանը: Այս տարի Հիմնադրամն ամբողջությամբ ավարտին հասցրեց և կրկին բացեց Լոռու մարզի Սբ. Հովհաննես Օձնեցու վանական համալիրի դռները: Վանական համալիրը 7-րդ դարի հայկական ճարտարապետության հուշարձան է, որն իրենից ներկայացնում է վանական շինությունների ճարտարապետական միասնական անսամբլ: Բացի այդ, շարունակվում են Հայաստանի հոգևոր կենտրոնում՝ Էջմիածին քաղաքում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրի վերակառուցման աշխատանքները:
Աջակցություն երիտասարդական սպորտին Երկրում մանկական և պատանեկան սպորտի զարգացմանն աջակցող ծրագրի իրականացման շրջանակում Հիմնադրամը դրամական պարգև է հատկացրել վետերանների շրջանում անցկացվող ըմբշամարտի աշխարհի չեմպիոնատի հաղթողներին:


Назад к списку новостей