«Տաշիր» հիմնադրամը հերթական օգնությունն է տրամադրել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին

11.04.2020
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը լրացուցիչ միջոցներ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված խնդիրներին աջակցելու նպատակով։

Միջոցների մի մասն ուղղվելու է կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումներին, մնացած մասը՝ Ռուսաստանի տարածքում մնացած Հայաստանի քաղաքացիների տեղափոխման ֆինանսավորմանը։ 

«Մենք շատ ուշադիր հետեւում ենք Հայաստանում իրադարձությունների զարգացմանը եւ անհրաժեշտ ենք համարում շարունակել մեր աջակցությունը՝ ուղղված բնակչությանն ու բժշկական հաստատություններին, կորոնավիրուսի դեմ պայքարում։ Պատասխանատվություն զգալով բոլոր նրանց հանդեպ, ովքեր տուժել են համաճարակից եւ այսօր չեն կարողանում տուն վերադառնալ՝ լրացուցիչ միջոցներ ենք ուղղում, որպեսզի այդ մարդիկ կարողանան հայրենիք գալ», - նշում է Հայաստանում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։ 

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 100 մլն ՀՀ դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարին։ Դրանցից 50 մլն ուղղվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին (հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսման ու ժամանակակից սարքավորումներով վերազինման համար), 50 մլն դրամը՝ ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։

Назад к списку новостей